Share on Facebook0Tweet about this on Twitter0Share on Google+0Share on VK

Կասկադ ճարտարապետական-կոթողային համալիրը ստեղծվել է 1970թ. Երևանում։ Համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակ զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների՝ Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: 2002թ. ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որի համաձայն ամբողջ տարածքը՝ (շուրջ 13 հեկտար), տրամադրվեց Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամին, այն պայմանով, որ 5 տարվա ընթացքում այնտեղ կկառուցվի թանգարան: Թամանյանի պուրակը ևս տրամադրվեց թանգարանին: Բարեկարգումից հետո Կասկադի ներսում 260 հոգու համար պետք է կինոթատրոն գործեր, սակայն այդ ծրագիրը մնաց անավարտ: Հետագայում մրցույթ հայտարարվեց` Կասկադի վերնամասում թանգարան կառուցելու համար: Այս ծրագիրը ղեկավարում էր երիտասարդ ճարտարապետ Դեյվիդ Հաթսոնը: Մրցույթի արդյունքում ընտրվեցին 3 նախագծեր, սակայն դրանցից ոչ մեկը պարոն Գաֆէսճյանին դուր չեկավ: Հետագայում թանգարանի մի նախագիծ մշակեց հենց Դէյվիդ Հաթսոնը: Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հիմնվել է 2009թ. նոյեմբերին: Աստիճանների թիվը 572 է, Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302մ, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450մ: Համալիրի առջևում վեր է խոյանում Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), իսկ համալիրի վերևում գտնվում է Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիր-հուշակոթողը։ Այս նախագծով Կասկադի հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գյուրզադյանը և Ասլան Մխիթարյանը ավարտեցին 1924թ. Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, “Հյուսիսային ճառագայթը”, որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ: Կասկադի բոլոր հարթակներից հիասքանչ տեսարաններ են բացվում դեպի քաղաք և Արարատյան դաշտավայր: Ամբողջ համալիրը յուրօրինակ ամֆիթատրոն է, որը ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ: